January 22

10 հետաքրքիր փաստ Ալեքսանդր Սպենդիարյանի մասին

Հայկական Հանրագիտարան

1. Ա. Սպենդիարյանը 1890-1895 թվականներին սովորել է Մոսկվայի կայսերական համալսարանում, նախ՝ բնագիտության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետում:

2. 1896-1900թթ. կոմպոզիցիայի մասնավոր դասեր է ստացել ռուս անվանի կոմպոզիտոր Ն. Ռիմսկի –Կորսակովի մոտ: Ուսումնառության ավարտին Սպենդիարյանը գրեց իր առաջին մեծակտավ սիմֆոնիկ ստեղծագործությունը` «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով այն իր սիրելի ուսուցչին:

3. 1924 թ. Սպենդիարյանը տեղափոխվում է Հայաստան` նախաձեռնելով երաժշտական մշակույթի զարգացման լայնածավալ աշխատանքներ: Նրա ջանքերով Երևանի կոնսերվատորիայում ստեղծվում է նվագախմբային դասարան, կազմակերպվում է առաջին սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին համերգը կայանում է նույն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ա. Սպենդիարյանի ղեկավարությամբ:

4. Ա․ Սպենդիարյանը նույնպես Ռաֆայել Պատկանյանի հանրահայտ «Արի՛, իմ սոխակ» բանաստեղծության խոսքերով երգ է գրել /հայտնի երգի հետ չշփոթել/։

5. «Ղրիմյան էսքիզներ» սիմֆոնիկ սյուիտի առաջին սերիան Սպենդիարյանը նվիրել է ականավոր նկարիչ Հովհաննես Այվազովսկու հիշատակին:

6. «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը Ա. Սպենդիարյանը գրել է 1905 թ. Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի բանաստեղծության հիման վրա և արժանացել է ժամանակի ամենահեղինակավոր՝ Գլինկայի անվան մրցանակի։

7. 1905թ. Սպենդիարյանի մտահղացմամբ՝ «Երեք արմավենի» ստեղծագործության համար պատրաստված է կաշվե գոտուց և 12 բրոնզե զանգակներից երաժշտական գործիք: Գործիքը «Սպենդիարոֆոն» է կատակով անվանել կոմպոզիտորի ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը:

8. Ա. Սպենդիարյանը որպես «Երևանյան էտյուդների» առաջին մասի` «Էնզելիի» ծավալուն նախաբան, օգտագործել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մշակված տարբերակը:

9. «Ալմաստ» օպերայի սյուժեն ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի՝ 1916 թ. Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ։

10. Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը պաշտոնապես բացվել է 1967թ.: Այն Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանն է: