Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․
ա) խելացի է
Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.
— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։
Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։
բ) արհեստասեր է
Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։
4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը․
ա) գործում
Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։
Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
բ) խոսքում
— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…
5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․
ա) ժողովուրդը
Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք[2] կերել են միմյանց…»։
բ) գիտնականները
Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։
գ) ջուլհակը
Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։
6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։
Իմ կարծիքով դերվիշի պահվածքը շատ տարօրինակ էր։ Կարծես նրա հիմնական նպատակը մարդկանց վախեցնելն էր։ Անհասկանալի էր նաև իր գծած շրջանը, որի կենտրոնում ինքն էր, բայց չէր խոսում իր գործողությունների իմաստի մասին։
7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։
— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։
Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.
— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…
— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
8․ Համացանցից օգտվելով՝ գտի՛ր տեղեկություններ ավանդության մասին։
Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է: Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։
Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, Պրոմեթևսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են Մհերի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին: